Մոսկվան պնդում է՝ Կրամատորսկում հարձակման թիրախը ռազմական օբյեկտ էր
![Մոսկվան պնդում է՝ Կրամատորսկում հարձակման թիրախը ռազմական օբյեկտ էր](https://gdb.rferl.org/9de4d4a8-c565-4c39-b923-152846eff56b_w800_h450.jpg)
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Կրամատորսկում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետը։ Ռուսական կողմի այս հայտարարությունը անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել։
Անցած գիշեր Կրամատորսկը ենթարկվել է երկու հրթիռային հարձակման։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական հրթիռներից մեկը հարվածել է Կրամատորսկի կենտրոնում գտնվող շենքին, որը մարդաշատ ռեստորան է, երկրորդ հրթիռը թիրախավորել է Բելենկայա քաղաքամերձ ավանը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ ռուսական հրթիռից ավերված ռեստորանի փլատակների տակից դուրս են բերվել 10 մարդու դի, այդ թվում՝ երեք երեխայի, վնասվածքներ է ստացել մոտ վեց տասնյակ մարդ, այդ թվում՝ մանկահասակ երեխա։