Կրեմլը խորհուրդ է տալիս գեներալ Սերգեյ Սուրովիկինին առնչվող հարցերով դիմել ՊՆ
![Կրեմլը խորհուրդ է տալիս գեներալ Սերգեյ Սուրովիկինին առնչվող հարցերով դիմել ՊՆ](https://gdb.rferl.org/e955c737-203c-4e8e-8673-fa4d0b9ffd34_w800_h450.jpg)
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած խռովության փորձից հետո ռուսական մամուլում տեղեկություններ չեն հաղորդվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Ուկրաինայում ռուսական բանակի փոխհրամանատար Սերգեյ Սուրովիկինի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինքն էլ տեղեկություններ չունի և չգիտի, թե արդյո՞ք խռովությունից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ Պաշտպանության նախարարության համակարգում:
Պեսկովի փոխանցմամբ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Պուտինն է, և նա «աշխատում է պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ»: Խոսնակը հրաժարվել է տեղեկություններ հայտնել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի մասին:
«Ոչ, դժբախտաբար, ոչ: Խորհուրդ եմ տալիս դիմել Պաշտպանության նախարարություն, դա նրանց իրավասությունն է»,- ասել է Պեսկովը, նշելով, որ տեղեկություն չունի նաև «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մասին: