ԱՄՆ-ը WSJ-ի լրագրողին վերադարձնելու համար կապի մեջ է Ռուսաստանի հետ․ BBC
Վաշինգտոնը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով վերադարձնելու բանտարկված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, բայց որ նրա ազատ արձակման «հստակ ուղի» չկա: Այս մասին գրել է BBC-ն։
Պատասխանելով բանտարկյալների փոխանակման մասին հարցին՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է ծանր բաներ անել»՝ Գերշկովիչին վերադարձնելու համար:
Wall Street Journal-ի լրագրողը, որը մեղադրվում է լրտեսության համար, ձերբակալվել էր մարտի 29-ին։ Ըստ ամերիկյան կողմի՝ գործն անհիմն է։
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Գերշկովիչին որպես «լծակ» օգտագործելու համար:
Սալիվանն ասել է, որ այս հարցով «քննարկումներ եղել են, բայց այդ քննարկումները չեն տվել լուծման հստակ ուղի»։
«Մենք պատրաստ ենք ծանր բաներ անել մեր քաղաքացիներին տուն վերադարձնելու համար, այդ թվում՝ Էվանին տուն բերելու համար: Ես չեմ ուզում կեղծ հույս տալ», - ասել է նա։
«Մենք ունենք հստակ պարտավորություն ու համոզմունք, որ կանենք հնարավոր ամեն բան նրան տուն բերելու համար»,- հավելել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական։