Փաստաբանները գոհ են Վահե Ղազարյանի հետ հանդիպումից, կստեղծվի հանձնախումբ
Եռօրյա բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Հանդիպումից հետո Փաստաբանների նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումից և այսօրվա ակցիայի արդյունքներից գոհ են։
Արա Զոհրաբյանը մանրամասնեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, որով ստեղծվում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա։ Փաստաբաններն արագ կզանգարահեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի 3 ոստիկանից և 3 փաստաբանից։
ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ փաստաբանների նկատմամբ այլևս բռնության դեպքեր չեն լինի, իսկ մեղավորները պատասխանատվություն կկրեն։
«Ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքերը չեն լինի, ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, տարբեր հավաստիացումներ եղան։ Մեզ հավաստիացնում էին, որ իրենց սկզբից զեկուցել են, որ նման դեպք տեղի չի ունեցել, դա էր սկզբնական իրենց անտարբերության, դանդաղ շարժվելու պատճառը»,- ներկայացրեց նա։
Միևնույն ժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են պահանջել ոստիկանապետի հրաժարականը։
Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք երթով շարժվել են ՆԳՆ՝ «փաստաբանության թշնամի» հավաստագիր հանձնելու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին այն պատճառով, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում ոստիկանական համակարգի կողմից։