Հարավային Կորեան չի փոխել իր քաղաքականությունն Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հարցում․ երկրի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ
Հարավային Կորեան չի փոխել իր քաղաքականությունն Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չունգ Հա Գյուն, գրել է ТАСС-ը։
«Կառավարության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, որ Կորեայի Հանրապետությունը մահաբեր զենք չի մատակարարում», - մեջբերում է նրա խոսքը Yonhap լրատվական գործակալությունը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հուլիսի 15-ին չհայտարարված այցով ժամանել էր Ուկրաինա։ Կիևում կայացած գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսին նա ասել էր, որ կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային, սակայն ոչինչ չէր ասել մահաբեր զենքի մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սեուլը նախատեսում է ավելի շատ ականազերծման սարքավորումներ մատակարարել։