Բրիտանիան օգնում է Ուկրաինային պաշտպանվել. MI6-ի ղեկավարը՝ Ղրիմի կամրջի դեպքի մասին
Բրիտանական արտաքին հետախուզության՝ MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը չի հերքել Լոնդոնի մասնակցությունը Ղրիմի կամուրջի վնասմանը։ Մեկնաբանելով Մոսկվայի մեղադրանքները՝ նա ասել է, որ իր երկիրն օգնում է Կիևին։
«Ես շոյված եմ, որ նախագահ Պուտինը կարծում է, որ դրա հետևում կանգնած է իմ ծառայությունը։ Բայց իրականում ամեն ինչ ավելի պրոզայիկ է։ Մեծ Բրիտանիան հասկացրել է, որ կօգնի Ուկրաինային պաշտպանել իրեն: Եվ դա այն է, ինչ մենք անում ենք», - ասել է Մուրը Պրահայում Միացյալ Թագավորության դեսպանատանը։
Ղրիմի կամուրջը կրկին պայթեցվել է հուլիսի 17-ին։ Այն վնասվել է անօդաչու վերգետնյա սարքավորումների միջոցով։ Ռուս քննիչները միջադեպի համար մեղադրել են ուկրաինական հատուկ ծառայություններին։ Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն խոստովանել է, որ իր մասնակցությունն է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած առաջին պայթյունին։
Ղրիմի կամրջի երկրորդ պայթյունի օրը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը կստուգի արևմտյան հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը, մասնավորապես՝ ՄԹ-ի հատուկ ծառայությունների ներգրավվածությունը։ Նրա կարծիքով՝ բրիտանական հետախուզության ներգրավվածությանը «չափից շատ բան է մատնանշում»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երկրի մասնակցությունը այս դեպքին։