Իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը․ Մանե Թանդիլյան
Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր, «թոզ փչել» երևանցու աչքերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Իբր մտահոգվելով շինարարական փոշու և աղբի մեջ կորած Երևանի մասին, քաղաքապետարանը հպարտորեն հայտարարում է, թե շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջներ է ներդնելու»,- նշել է քաղաքական գործիչը։
Թանդիլյանը գրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է «ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն»։
Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ «դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը»։
«Երևանը վերադառնում է 2000-ականներ, երբ քաղաքի ամեն փոքր հատվածը ծայառում է բացառապես բիզնես և անձական շահերի։ Ընդհանրապես, երբ գնում ես քաղաքի տեսքի աղճատման հետքերով, մանավանդ բակերում, մայթերի վրա, մեծամասամբ հասնում ես ինչ-որ ժամանակ ընտրական գործընթացի ինչ-որ մասնակցի, երբ իշխանության համար ձայներ ապահովելու դիմաց ինչ-որ մեկն արժանացել է «պարգևի»՝ ստանալով Երևանից մի կտոր՝ հանուն սեփական բարեկեցության։
Կարգերն ու բարքերը, փաստորեն, չեն փոխվել։ Նույն ագահությամբ քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար…»,- գրել է Թանդիլյանը։