Ապահով և անվտանգ Երևանը մեզ համար արժեք է. կայացել է «Ապրելու երկիր» կուսակցության «Դիմակայուն Երևան» խորագրով միջոցառումը (լուսանկարներ)
Օգոստոսի 14-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը կազմակերպել էր «Դիմակայուն Երևան» խորագրով միջոցառում:
Այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի։
Միջոցառման հյուրերն էին աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը և տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը, ովքեր իրենց ելույթներում անդրադաձան Երևանի դիմակայունության բարձրացմանը և աղետների ռիսկերի նվազեցմանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, անդրադառնալով դիմակայուն Երևանի իրենց տեսլականին:
«Ապահով և անվտանգ Երևանը մեզ համար արժեք է:
Այսօր լրանում է Սուրմալուի աղետի տարելիցը, որի ժամանակ մենք կորցրեցինք մեր 16 հայրենակիցներին, մեկն էլ անհետ կորած է:
Մենք ապրում ենք անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ քաղաքում:
Մեր քաղաքը լինելու է դիմակայուն և սա հնարավոր է: Դիմակայուն Երևանի մեր տեսլականում մենք ընկալում ենք, որ Երևանը դառնալու է արհավիրքները կանխարգելող և դրանց պատրաստ հասարակություն և համակարգ»,- ասել նա:
Ըստ Մանե Թանդիլյանի Երևանը լինելու է հարատև քաղաք, և դրա համար մենք պարտավոր ենք այսօր ճանաչել այն ռիսկերը, որոնք պատում են մեզ, և նվազեցնել ու չեզոքացնել դրանք:
Միջոցառումը եզրափակվեց Մանե Թանդիլյանի, Նիկոլայ Գրիգորյանի և Միքայել Մելքումյանի պանելային քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձան դիմակայուն քաղաքների հայեցակարգին, ռազմավարական ծրագրերին, տարատեսակ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցմանը վերաբերող թեմաների։