Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին, եթե գործընկերները կատարեն բոլոր պարտավորությունները․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին մասնակցությանը, բայց միայն իր նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունների իրական կատարման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովում։
«Հուլիսի 18-ից մենք հրաժարվել ենք այս, այսպես կոչված, գործարքի հետագա երկարաձգումից ու պատրաստ կլինենք վերադառնալ։ Բայց վերադառնալ՝ միայն ռուսական կողմի հանդեպ բոլոր պարտավորությունների փաստացի կատարման դեպքում»,- ընդգծել է նա։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանին միտումնավոր խոչընդոտում են արտասահման հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը, իսկ երկրին «կեղծավորությամբ մեղադրում են համաշխարհային շուկայում առկա ճգնաժամային իրավիճակի համար»։
«Դա ակնհայտորեն դրսևորվեց հացահատիկի գործարքի իրագործման ընթացքում, որն ի սկզբանե նպատակ ուներ ապահովել համաշխարհային պարենային անվտանգությունը, նվազեցնել սովի սպառնալիքը և օգնել ամենաաղքատ երկրներին»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ տարվա ընթացքում Ուկրաինայի հետ գործարքի շրջանակներում ընդհանուր առմամբ արտահանվել է 32․8 մլն տոննա բեռ, որից ավելի քան 70%-ը բաժին է ընկել բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին, ներառյալ՝ առաջին հերթին Եվրամիությունը։
«Եվ միայն մոտ 3%-ն է բաժին ընկել ամենաքիչ զարգացած երկրներին, այսինքն՝ 1 միլիոն տոննայից պակաս»,- Պուտինը վկայակոչել է վիճակագրությունը։