Այս ամառը վատագույնն է․ Հունաստանի նախարարը՝ երկրում շոգի և հրդեհների մասին
Հունաստանում հրդեհավտանգ իրավիճակն աննախադեպ է, ավելի զարգացած հրդեհաշիջման համակարգերով երկրները նույնպես բախվում են ուժեղ հրդեհների, և հիմքեր կան կասկածելու նպատակաուղղված հրկիզման մասին։ Մամուլի ասուլիսում հայտարարել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը, հայտնել են հունական լրատվամիջոցները։
«Վերջին հինգ օրվա ընթացքում՝ ուրբաթից երեկ, հրշեջ-փրկարարական վարչությունը ստացել է անտառային հրդեհների 355 ահազանգ, միայն վերջին 48 ժամում 209 նոր հրդեհ է բռնկվել»,- ասել է նա։
Նախարարն աննախադեպ է անվանել Հունաստանում հրդեհի և շոգի հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Եվ սա խոսքի պատկերավորում կամ չափազանցություն չէ: Այս ամառը վատագույնն է այն ժամանակվանից ի վեր, երբ երկիրը հավաքում է օդերևութաբանական տվյալներ և հրապարակում հրդեհների վտանգի քարտեզ»,- նշել է Կիկիլիասը: