Կործանված ինքնաթիռի ուղևորների թվում նշվում է Պրիգոժինի անունը
Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռի ուղեւորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը, հայտնում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Գերատեսչությունը հրապարակել է Embraer բիզնես-ջեթի կործանման հետեւանքով զոհված օդանավի երեք անձնակազմի եւ յոթ ուղեւորների ցանկը, որոնց թվում է նաեւ «Վագների» հրամանատարներից՝ Պրիգոժինի մերձավոր դաշնակիցը համարվող Դմիտրի Ուտկինը։
Ոչ Կրեմլը ,ոչ էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն հաստատել Պրիգոժինի եւ Ուտկինի մահը։
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության համաձայն, աղետի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների թվում է եղել նաեւ Եվգենի Մակարյանը։ Վերջինիս անունը ներառված է Ուկրաինայի «Միրոտվորեց » պատժամիջոցների բազայում․ ըստ ուկրաինական իրավապաշտպան կազմակերպության, 1985 թվականին ծնված Մակարյանը Պրիգոժինի գլխավորած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներից է։
Օդանավի կործանման մասին այլ տեղեկություններ, այդ թվում` պատշտոնական վարկածներ դեռ չկան։ Արտակարգ պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ, հետաքննությամբ զբաղվում է ՌԴ քննչական կոմիտեն: ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը միայն հայտնել է, որ Embraer Legacy մասնավոր օդանավը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացրել է «սահմանված կարգով տրված օդային տարածքի օգտագործման թույլտվության հիման վրա»: