Նիգերիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են մի քանի գաղտնի նավթավերամշակման գործարաններ
Նիգերիայի ռազմաօդային ուժերը դիպուկ հարվածներով ոչնչացրել են մի քանի գաղտնի նավթավերամշակման գործարաններ երկրի հարավում: Այս մասին հայտնել է ռազմաօդային ուժերի հասարակայնության հետ կապերի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Գաբկվետը՝ գրել է ТАСС-ը՝ հղում անելով հարավաֆրիկյան SABC ռադիոկայանին։
Նրա խոսքով՝ օպերացիան իրականացվել է օգոստոսի 27-ին Նիգերի գետի դելտայում, լիկվիդացվել են մի քանի ստորգետնյա նավթավերամշակման գործարաններ։ «Օդային հարվածը ոչնչացրել է նաև գողացված նավթ տեղափոխող նավը»,- ընդգծել է Գաբկվետը։
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Նիգերիան նավթի արդյունահանման ծավալներով Սահարայից հարավ առաջատարն է Աֆրիկայում, սակայն դրա մի զգալի մասը գողանում են։ Նիգերիայի կառավարության տվյալներով՝ հանցավոր խմբավորումները երկրում օրական գողանում են մինչև 400 հազար բարել նավթ։