ԱԹՈՌԻ ՎՐԱՅԻ ՄԱՐԴԸ
Ապրելով Հայաստանում՝ կարոտում եմ Հայաստանը, թեկուզ և այն Հայաստանը, որ կար երեսուն տարի։ Ասում են՝ երեսուն տարի թալանել են, գողացել, կողոպտել ու մսխել, բոբիկ եկել` լիմուզիններով մնացել, եկել են կարկատած շալվարով, բայց հիմա մարմարյա պալատների մեջ են ապրում։ Հայը տարբերակվել է հայից։ Արցախից են եկել, եկվոր հայը թալանել է տեղացի հային, դրա համար էլ, ասում են, էս օրին ենք։ Իսկ ես ասում եմ՝ թալանը ե՞րբ չի եղել, հարյուր տարի առաջ չի՞ եղել, հինգ հարյուր տարի առաջ չի՞ եղել, հազար տարի առաջ չի՞ եղել... Բա որ չի եղել, ինչո՞ւ է Խորենացին «Ողբը» գրել։ Ահա և հարցերի հարցը՝ իսկ այսօր չե՞ն թալանում... Ինքը չի՞ թալանում... Այո՛, շատ բան ենք զիջել, բայց ոչ հեշտությամբ հո՛ղ։ Հողը միշտ տարբերվել է հողի վրա եղածից։ Չկա հող՝ չկա և Հայրենիք։