Զելենսկին Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի պաշտպանությանն առընչվող նոր փաթեթները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով լայնածավալ բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին նախագահը գրել է իր թվիթերյան էջում։
«Մենք քննարկել ենք պաշտպանությունը, հացահատիկի համաձայնագիրը և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցերը»,- նշել է Զելենսկին։
«Շնորհակալություն եմ հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության, այդ թվում՝ չափազանց կարևոր ռազմական օգնության համար»,- ասել է նախագահը։
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Ֆրանսիայից Ուկրաինային ուղղված հաջորդ պաշտպանական փաթեթները։
Բացի այդ, զրույցի ընթացքում նախագահները պայմանավորվել են, որ Ֆրանսիան ու ֆրանսիական ընկերությունները կմասնակցեն Պաշտպանական արդյունաբերության ֆորումին։
Զելենսկին ու Մակրոնն առանձին-առանձին քննարկել են «հացահատիկային միջանցքի» գործունեության ապահովման և Օդեսայի շրջանի անվտանգության ամրապնդման հարցերը։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաև բանակցություններ սկսել G7-ի հռչակագրի զարգացման համար անվտանգության երկկողմ երաշխիքների շուրջ։