80-ամյա Բայդենն ասել է, որ տարիքի հետ միայն ավելի իմաստուն է դառնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով իր տարիքի վերաբերյալ քննարկումները, ասել է, որ տարիների ընթացքում նա միայն ավելի իմաստուն է դառնում և շարունակելու է քաղաքական գործունեությունը։
«Ինչ-որ մեկն ասել է. «Գիտե՞ք ինչ, Բայդենը ծերանում է»: Սակայն միակ բանը, որ գալիս է տարիքի հետ, իմաստությունն է», - ասել է 80-ամյա Բայդենը Սպիտակ տանն Աշխատանքի օրվան նվիրված ելույթում:
«Ես իմ գործն ավելի երկար եմ անում, քան մյուսները: Եվ գիտե՞ք ինչ, ես կշարունակեմ դա անել ձեր օգնությամբ»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ, ըստ AP-NORC-ի հարցման արդյունքների, ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ 80-ամյա Բայդենը չափազանց ծեր է երկրորդ ժամկետով վերընտրվելու համար. հարցվածների 77%-ն այս կարծիքին է եղել։ Ընդ որում, հարցվածների միայն կեսն է նույն կարծիքին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ չնայած այն հանգամանքին, որ նա ընդամենը երեք տարով փոքր է գործող նախագահից։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024-ին: