Հերմոսոն «Համբույրի գործով» իրավական բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ լիազորությունները կասեցված ղեկավարի դեմ
Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացող Խենի Հերմոսոն բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի՝ լիազորությունները կասեցված ղեկավար Լուիս Ռուբիալեսի համբույրի հետ։ Գրել է Sky Sports-ը։
Դատախազն ասել է, որ Հերմոսոն այս առիթով ցուցմունք է տվել է երեքշաբթի, և բողոքին ընթացք կտրվի «հնարավորինս շուտ»։
Ռուբիալեսը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ ի լրումն Իսպանիայի բարձրագույն սպորտային դատարանի կողմից շարունակվող հետաքննությանը «լուրջ անպատշաճ պահվածքի» և ՖԻՖԱ-ի կողմից հետաքննությանը, որը ժամանակավորապես կասեցրել է նրա լիազորությունները:
Ռուբիալեսը Հերմոսոյին համբուրել էր մրցանակաբաշխության ժամանակ։ Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 20-ին Սիդնեյում Աշխարհի գավաթի եզրափակչից հետո։ Իսպանիան 1:0 հաշվով հաղթել էր Անգլիային:
Հերմոսոն ասել է, որ չէր ցանկանում, որ իրեն համբուրեն, և որ իրեն «խոցելի և ագրեսիայի զոհ» է զգում։
Հերմոսոն նաև ասել է, որ իր և իր ընտանիքի վրա ճնշում է գործադրվել ֆեդերացիայի կողմից՝ միջադեպից անմիջապես հետո աջակցություն ցուցաբերելու Ռուբիալեսին:
Ռուբիալեսը, որը մինչ այժմ հրաժարվում է հրաժարական տալ, չնայած ծանր ճնշումներին, ասել է, որ համբույրը «ինքնաբուխ, փոխադարձ, էյֆորիկ և համաձայնեցված էր»:
Իսպանիայի կառավարությունը, խաղացողների արհմիությունները, խաղացողները և շատ քաղաքացիներ աջակցել են Հերմոսոյին, սակայն Ռուբիալեսը հրաժարվել է հրաժարական տալ:
Ռուբիալեսի լիազորությունները ՖԻՖԱ-ի կողմից կասեցվել են օգոստոսի 27-ին։ Մինչ այդ, նա ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայում հանդես էր եկել ելույթով՝ հայտարարելով, որ «կեղծ ֆեմինիստների» կողմից «վհուկների որսի» զոհ է դարձել: