Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին
Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է` որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, բռնապետ Ալիևի կողմից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը: Գրել է «Լուրերը»։
Նա շեշտել է, որ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով:
Սմիթը տեղեկացրել է ԼՂ-ում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագծի պատրաստման մասին, հայտնեց, որ աշխատում են դրա ուղղությամբ:
«Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն ընդգրկել Ադրբեջանի մեջ, այդ նպատակը գուցե անընդունելի է, նա դրան փորձում է հասնել ցեղասպանության միջոցով: Նա չի փորձում լուծումներ առաջարկել ԼՂ բնակչության համար»,- նշել է Սմիթը` շեշտելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կտրել է ԼՂ կապն արտաքին աշխարհի հետ` փորձելով նրանց մատնել սովամահության:
Սմիթն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած աջակցություն կդիտվի որպես հանցակցություն: