Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում նշել է «Հայաստանի կողմից սադրանքները կանխելու կարևորությունը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Բայրամովը Բորելի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ «Հայաստանի կողմից շարունակվող ռազմաքաղաքական սադրանքները, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը» (չակերտները - Tert.am)։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է «Հայաստանի կողմից այդ սադրանքները կանխելու կարևորությունը» (չակերտները - Tert.am)։
Բայրամովն ասել է, որ Հայաստանը գրեթե «երկուսուկես տարի շարունակ ապօրինաբար օգտագործել է Լաչինի ճանապարհը ռազմական և այլ նպատակներով», իսկ «տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին չհիմնավորված պնդումներն այժմ քաղաքական շահարկումներ են»։
Ըստ նրա «չնայած Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ - Tert.am) և Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ - Tert.am) ճանապարհներով բեռների միաժամանակյա փոխադրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, այդ պայմանավորվածությունների խախտումն ու փոխադրումների հետ կապված խոչընդոտները ևս մեկ անգամ հաստատում են դա» (չակերտները - Tert.am)։