Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ինչպես է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում. քաղաքագետ
Արցախ ռուսական բեռ տանելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից խախտելը տրամաբանական է։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Բաքվում հիմարներ չեն նստած ու իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական այդ նախաձեռնությունից հետո շատ վատ դրության մեջ էին հայտնվելու։ Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ինչպես է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում»,- նշել է քաղաքագետը։
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր գործոնն Արցախում ձևավորված նոր իշխանությունն է։ «Եթե նախկինում Ալիևը վստահ էր, որ կարող է ազդել Ստեփանակերտի որոշումների վրա (օրինակ՝ Նիկոլի միջնորդությամբ), ապա հիմա նա այդ հնարավորությունը չունի։ Հետևաբար նաև ռիսկեր կառավարելու մեխանիզմներն են քչացել։ Դրա համար որոշել են ավելորդ ռիսկի չգնալ և թույլ չտալ, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը թեկուզ մեկ նիշով ավելանա»,- ընդգծել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ինչ վերաբերվում է այսպես կոչված Լաչինի միջանցքին, ապա դրա բացման հարցը, իհարկե, միանգամայն այլ գործընթացների արդյունքում պետք է լուծվի։ Չի կարող լինել մի վիճակ, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական անցակետ լինի և Բաքուն չփորձի անընդհատ շահարկել այդ հանգամանքը։ Անցակետը պարզապես պետք է չլինի։ Ինչպես նաև որևէ ադրբեջանցի զինվոր չպետք է լինի այդ ճանապարհին կանգնած։ Եվ սա լուծելի խնդիր է։ Իհարկե, Հայաստանում դավաճան իշխանությունների հեռացումից հետո»,- եզրափակել է նա։