Շատ դժվար է էմոցիաների բեռի տակ չմնալ, և երբ շատ դեպքերում հաղորդակցություն եմ ունենում մեր զոհված զինվորների հարազատների հետ․ Փաշինյան
Ընդհանուր առմամբ, իհարկե շատ դժվար է այդ իրավիճակում էմոցիաների բեռի տակ չմնալ, և երբ շատ դեպքերում հաղորդակցություն եմ ունենում մեր զոհված զինվորների հարազատների հետ։ Ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe պարբերականին՝ անդրադառնալով պատերազմի զոհերի և պատերազմի վտանգի շարունակական մտավախության հարցին։
«Հասկանալի է, որ այդ խոսակցությունները հեշտ չեն և բարդ են, բայց ոչ միայն հեշտ չեն և բարդ են նրանց համար, նրանց տեսակետից, այլև հեշտ չեն և բարդ են իմ տեսակետից, որովհետև ես մեկ-երկու անգամ առիթ ունեցել եմ նրանց հետ անկեղծանալու և ներկայացնելու իմ ընկալումը, որովհետև ասել եմ՝ տեսեք, ձեզնից յուրաքանչյուրը մի հարազատ է կորցրել, կամ մի որդի, մի զինվոր է կորցրել, ես կորցրել եմ հազարների, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- նշել է նա:
«Բայց մյուս կողմից՝ եթե մենք պետական կառավարման գործում և պետական այս բարձր պաշտոնում երկիրը կառավարելիս չկարողանանք լինել էմոցիաներից անդին, դրանից որևէ մեկը չի շահի, դրանից ավելի լավ չի լինի երկրի համար, դրանից ավելի լավ չի լինի նահատակների համար, որոնք, իմ ընկալմամբ, ընկել են այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ»,- հավելել է Փաշինյանը: