Երբ որ ես Զելենսկու հետ հանդիպեմ, անձամբ իրեն ուղերձ կփոխանցեմ․ Փաշինյանը՝ ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին ուղերձ փոխանցելու մասին
Politico-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։
Լրագրողը հարցրել է, թե ուղերձ ունի հղելու նրան ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ինչպես արել են այլ երկրների ղեկավարներ։
«Երբ որ ես Զելեսնկու հետ հանդիպեմ, անձամբ իրեն կփոխանցեմ»,- ասել է Փաշինյանը։
«Ես չեմ կարծում, թե երկրների ղեկավարների համար լավ ժանր է հարցազրույցների միջոցով իրար մեսիջներ փոխանցելը»,- նշել է նա։
«Իմիջիայլոց, վերջին անգամ Մոլդովայում՝ Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ ինքն էլ էր այնտեղ, ես էլ, երկու բառ փոխանակել ենք, և առիթներ ունենում ենք մեսիջներ փոխանակելու: Իսկապես չեմ կարծում, թե դա լավ ժանր է, այսպես հեռակա: Իմիջիայլոց, նաև տարբեր առիթներով ենք ուղերձներ փոխանակում, վերջերս ես նրան շնորհավորել էի Ուկրաինայի անկախության օրվա առիթով և այլն, և այդպես շարունակ: Այդ թեմայով մի բան կարելի է ասել։ Պատերազմը շատ վատ բան է։ Երբ որ 2020 թվականի պատերազմը սկսվեց, շատ էր խոսվում նրա մասին, թե ինչ պետք է անեի ես պատերազմից խուսափելու համար։ Որը շատ ճիշտ և լեգիտիմ հարց է։ Որից հետո սկսեց Ուկրաինայի պատերազմը։ Եվ ես նայում էի ադյ իրավիճակին և ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչ պետք է անեին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները պատերազմից խուսափելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ «բոլոր դեպքերում ամեն ինչ պետք է անել պատերազմից խուսափելու համար»։