Արդարացումներ չարժե փնտրել, դա վախն է, որ բանավեճի ֆորմատում կարող ես շատ թույլ երևալ, մարդիկ խնդիրները կտեսնեն․ այն լակմուսի թուղթ է. Ավինյան
Կարծում եմ՝ այն թեկնածուները, որոնք չմասնակցեցին բանավեճին, իրականում իրենց մեծ բացթողումն էր։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Ես հասկանում եմ՝ ինչ դրդապատճառներով չեն մասնակցել բանավեճին, տարբեր արդարացումներ չարժե փնտրել, որովհետև դա վախն է, որ այդ ֆորմատում կարող ես շատ թույլ երևալ և մարդիկ քեզ հետ կապված խնդիրները, քո արածների ու չարածների իրական պատկերը կարող են այդ ֆորմատում տեսնել», - նշեց նա։
Երևանի փոխքաղաքապետի խոսքով՝ բանավեճի ձևաչափի պարագայում շատ ավելի պարզ է ամեն ինչը, այն լակմուսի թուղթ է։
«Միայնակ նստելը և այսպես խոսելը կամ մոնոներկայացում անելը մի ֆորմատ է, բայց երբ դիմացինդ քեզ հարց ունի, այդ հարցերը կարող են շատ սուր լինել, որոնց պատասխանները կարող ես չկարողանալ արագ կողմնորոշվել ու տալ։ Հետևապես՝ կարող է, ճիշտ էլ արել են, որ չեն եկել», - հավելեց նա։
Հարցին, թե ում է համարում իր հիմնական մրցակիցը, Տիգրան Ավինյանը նշեց, որ իրենք առաջին իսկ օրից նպատակ են դրել խոսակցությունը տանել երևանցիների հետ, ուստի կարծում է՝ այս խոսակցությունից պետք չէ շեղվել։