ԼՂ ներակայացուցիչների պատվիրակությունը ժամանել է Եվլախ
Պատվիրակությունը ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ, Եվլախում կհանդիպի ադրբեջանական կողմի հետ։
Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Բաքուն զոհերի ու վիրավորների թիվ չի հրապարակել։
Ստեփանակերտը երեկ հաղորդեց, որ ընդունում է կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը, համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը։ Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
Կողմերը համատեղ փաստաթուղթ հրապարակեցին, որում նշվում էր, որ Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին։
Բաքուն նաև հայտարարեց՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։
