«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն ինչ անեն». Արցախում կրակոցներ են
![«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն ինչ անեն». Արցախում կրակոցներ են](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-87a1-08dbb9179338_w800_h450.jpg)
Արցախում հրադադար չկա, ստեփանակերտցիները վերադարձել են նկուղներ։ Ադրբեջանական զինուժը շարժվում է դեպի Ստեփանակերտ, Արցախի նախկին պետնախարարն է տեղեկացնում, քաղաքում խորանում է անորոշությունն ու հուսահատությունը:
«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն ինչ անեն, ուր գնան: Մարդկանց մի խումբը նախագահականի դիմաց կանգնած սպասում են ինչ-որ մի լուրի, մի մասը՝ նախարարության դիմաց կանգնած», - պատմեց Ստեփանակերտի բնակիչը:
Ըստ բնակիչների՝ կրակոցները քաղաքի «Արմենավան»՝ Կրկժան թաղամասում են։ Ստեփանակերտի բնակիչներից մեկը կարճ ժամանակով նկուղից տուն էր բարձրացել՝ սոված թոռներին միակ ուտելիքը՝ խաղողը տանելու համար:
Արցախի տեղեկատվական շտաբը հաստատելով կրակոցների մասին լուրերը, նաև տեղեկացնում է, որ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գրառումից տեղեկանում ենք, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը չի գործում նաև Արցախի մյուս բնակավայրերում. ադրբեջանցի զինվորները Հաթերք գյուղում, նախնական տվյալով, մեկ խաղաղ բնակչի են սպանել։ Մարդիկ քիչ թե շատ ապահովություն գտնելու հույսով ընտանիքներով հավաքվում են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ օդանավակայանի տարածքում:
Զոհերի, վիրավորների վերաբերյալ վերջնական թվեր առայժմ չկան, երեկ երեկոյան հայտարարվեց առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա. սեպտեմբերի 19-ի կեսօրից Արցախի բոլոր ուղղություններով սկսված մարտական գործողությունների հետևանքով բազմաթիվ անհետ կորածներ կան:
Ասկերանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հրետակոծության ժամանակ կորել է 8 տարեկան Նվերը, մայրը Ստեփանակերտի հիվանդանոցում է վիրավորում ստացած մյուս երեխայի հետ:
Ներքին գործերի նախարարությունում ու Արցախի օմբուդսմենի գրասենյակում հավաքագրում են անհետ կորածների տվյալները: