Եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ անել, դա առաջնային կլինի «անկլավների» ուղղությամբ, դրա համար ՀՀ իշխանությունները տվել են լեգիտիմ հիմք. Արթուր Եղիազարյան
Մակրոնի հայտարարության հետ կապված՝ նշեմ՝ ցավոք սրտի, վստահություն չի ներշնչում, քանի որ մոտավորապես նման հայտարարություն նա արել էր Արցախի վերաբերյալ դեռ հունիս ամսին, և տեսնում ենք այսօր, թե ինչ է կատարվում Արցախում: Հետևաբար՝ այդ վստահությունը չկա, բացի մի բանից, որ իրենց շահերից ելնելով՝ փորձում են մտնել տարածաշրջան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա գաղտնիք չի, որ այս տարածաշրջանի, այսպես ասած, տեր ու տիրականը հզոր երկրներից դա Ռուսաստանն է, Իրանը և Թուրքիան: Հիմնականում այս երեք գործոնն է մեր տարածաշրջանում՝ իրենց խորքային համակարգերով: Արևմուտքը փորձում է դառնալ 4-րդ գործոն, բայց բացառապես իրենց շահերի համար, սրանից հայ ժողովուրդը չի շահելու: