Մարդիկ հեռանում են, քանի որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Ադրբեջшնը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը․ Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հայտարարություններին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդմանը, թե մարդիկ ինքնակամ են լքում Լեռնային Ղարաբաղը։
««Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ «ազատորեն» են լքում Լեռնային Ղարաբաղը: Ուզում եմ հասկանալ` կա՞ աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին:
1. Մարդիկ հեռանում են, քանի որ հարձակման են ենթարկվում ադրբեջանցի զինվորականների կողմից։
2. Մարդիկ հեռանում են, քանի որ իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
3. Մարդիկ հեռանում են, քանի որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
4. Մարդիկ հեռանում են, քանի որ 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում պահում էր շրջափակման և սովի պայմաններում:
5. Մարդիկ հեռանում են, քանի որ որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր մարդկանց գլխատելու համար:
Հուսով եմ` հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը. Ղարաբաղից հեռանալը բնակիչների անձնական և անհատական որոշումն է»։