Դեռ պարզ չէ՝ կկայանան նոր ընտրություններ Երևանում, թե չէ. «Հանրային ձայնը» նոր պայման է դնում
Ավագանիում 12 տեղ ստացած «Մայր Հայաստան» դաշինքը նույն կարծիքին է՝ ընդդիմադիր թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում նախընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով նոր ընտրության գնալու ճանապարհը։
Օրենքով ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է 33 անդամ։ 12 օր է մնացել առաջին նիստին, որի ընթացքում էլ քաղաքապետ կընտրվի։
«Հանրային ձայն» կուսակցությունն ունի 7 մանդատ, և առաջին երկուսը՝ Արտակ Գալստյանը, կալանքի տակ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է հետախուզման մեջ, ինչը նշանակում է, որ իրենք ներկա չեն կարող գտնվել ավագանու առաջին նիստին, բավարար ձայներ չկան քաղաքապետ ընտրելու համար ընդդիմության կողմից, ուրեմն այստեղ մնում է մի տարբերակ՝ գնալ ավագանու նոր ընտրությունների», - երեկ ասաց Մարությանը։
Մինչ այդ նախկին քաղաքապետն առաջարկել էր ոչ իշխանական ուժերին ձայն տալ իրեն, բայց մնալ ավագանիում որպես ընդդիմություն։ Վերջնական համաձայնություն փաստացի չկայացավ. այս պահին ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր որևէ թեկնածուի շուրջ համախմբում չկա։
«Հանրապետություն» կուսակցությունը թեկնածուի հարցով որոշում չունի՝ արդյոք իրենց քաղաքապետին կառաջադրեն կամ ում կսատարեն, պնդում էր ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը։ Հստակ է, որ նիստը չեն բոյկոտի, կմասնակցեն։ Սակայն, անգամ «Հանրապետության» ներկայանալու դեպքում նիստի իրավազորությունը չի ապահովվում, ուստի Վարդան Ղուկասյանի գլխավորած ուժի մասնակցությունն այստեղ որոշիչ կլինի։
Նա Հայկ Մարությանի թեկնածությունը սատարելու համար նոր պայմաններ է առաջադրում. - «Հիմա ասում եմ՝ յուրաքանչյուր երրորդը՝ երրորդ թաղապետը, երրորդ փոխքաղաքապետը, երրորդ գերեզմանատան վարիչը… էտ սաղ պիտի լինի իմը, իսկ ես կգնամ, դեմ կքվեարկեմ, չեմ էթա, ում կքվեարկեմ, էտի թող մնա ձեզ համար սյուրպրիզ»։
Չնայած իր առաջադրած պայմանների բավարարմանը դեռ պատասխան է ակնկալում, բայց ընդդիմադիր ուժերի հասցեին հայհոյախառն արտահայտություններից Ղուկասյանը ձեռնպահ չի մնում։
