Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյանը՝ ավագանու ընտրությունների մասին
Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է Հայաստան և յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է:
Այս մասին ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագնաքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Երկրորդ փուլ թույլ տալ, որ քարոզարշավ անենք, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ անող եմ:
Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, նախկինների կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ նրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի:
Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել, բայց երբ նախկինների կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը:
Հայկ Մարությանը ասում է, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, և «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել էր նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար: