Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի. ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը։
Դրա փոխանցմամբ՝ Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ նման որոշում է կայացրել Իրանի Գերագույն դատարանը։
Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է Թեհրանում երկրի դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության աշխատակյիցը, և նրա երկու գործընկերները վիրավորվել են։
Ադրբեջանը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։ Հունվարի 29-ին Թեհրանում երկրի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները՝ ընդհանուր առմամբ 53 մարդ, տարհանվել են Բաքու։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել է, որ դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։