Երևանում հաղթեց հեղափոխությունը. Փաշինյան
Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, որը գնաց ընտրատեղամաս: Հաղթեց նաև այն ընտրողը, որը չգնաց ընտրատեղամաս: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հավելոց, որ հաղթեց հեղափոխությունը:
«Բոլորս հասկանում էիք Երևանի ավագանու ընտրության քաղաքական կարևորությունը: Այս ընտրություններում, իմիջիայլոց, ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, ընդհուպ 50-150 քվեով, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն որ մենք հրապարակներում ասում էինք, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի, մենք սա արդեն 2 անգամ ապացուցել ենք, և դա էլ ապացուցելու կարիք չունի»,- ընդգծեց Փաշինյանը:
Հարցին` ընտրությունների արդյունքներից քաղաքական հետևությունը որն է, վարչապետը պատասխանեց. «Այն ուժերը, որ հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավել ձայն, ուրիշ բան` ով է անկեղծորեն նվիրված այդ արժեքներին, ով է մանիպուլացնում: Եթե ուզում եք հարցնել՝ ընտրությունների արդյունքները մեզ մտածելու առիթ տալի՞ս են, ապա պատասխանեմ՝ այո՛, տալիս են։ Մտածելու, վերլուծելու, բայց այս փուլում ես չեմ ուզում՝ մենք որևէ կերպ քննարկման առարկա դարձնենք ընտրողի որոշումը»:
Փաշինյանը նկատեց` լավ առիթ է, որ նորընտիր քաղաքապետը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում`ընդդիմադիրների ծրագրերի համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա: