Ադրբեջանը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա». Ադրբեջանի փոխարտգործնախարար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ հայտարարել է, որ «2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Հայաստանի կողմից 30 տարվա ապօրինի ռազմական օկուպացիայից հետո» (չակերտները՝ Tert.am), Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ավելի կարևոր է, որ դրանք չեն արտացոլում ՄԱԿ-ի երկու առաքելությունների դիտարկման արդյունքները և եզրակացությունները, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մուտք գործել Ղարաբաղ ։
Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ տարածաշրջան է այցելել Միջազգային առաքելությունը։ Դրանք չեն արտացոլում միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների ռեպորտաժները, որոնք եղել են այնտեղ և տեսել են այդ տարածքը ։
Ադրբեջանը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»(չակերտները՝ Tert.am)։
Ադրբեջանը լուրջ երաշխիքներ է տվել սեպտեմբերի 19-ից հետո», - ընդգծել է Էլնուր Մամեդովը ։
Էլնուր Մամեդովը նշել է նաև, որ կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։
Նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքը, ինչպես նաև հակամարտության սկզբից «ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները» (չակերտները՝ Tert.am)։