Չեմ տեսնում պատճառներ, որոնք հիմա՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, կարող են խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում պատճառներ, որոնք հիմա՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, կարող են խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է: Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ կան զուտ տեխնիկական բնույթի հարցեր՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ:
«Դրանք տեխնիկական հարցեր են՝ 100 մետր՝ այս կողմ, 1 կիլոմետր՝ այն կողմ. դա արդեն կարևոր չէ: Կարծում եմ՝ երկու կողմից էլ բարի կամքի դեպքում այդ ամենը հնարավոր է անել», - հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Պուտինն այսօր Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։
Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել Մոսկվայում:
Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի: