Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին հարցրել են՝ արդյոք միջազգային մրցումներին մասնակցելու համար պատրա՞ստ է միանալ Հայաստանի հավաքականին:
«Հայաստանում ընդունելությունն անթերի էր: Բոլորն ուրախ էին ինձ տեսնելու համար: Ես հազվադեպ եմ այնտեղ գնում: Ելույթ ունեցա մի շոուի ժամանակ: Այնտեղ շատ շոգ էր:
Ես Հայաստանի հավաքականից երբեք հրավեր չեմ ստացել: Եթե ստանամ, կմիանա՞մ. հիմար հարց է, անցնենք առաջ»,- ռուսական Sport24-ը մեջբերում է 16-ամյա մարզուհու խոսքը:
Հոկտեմբերի 15-ին Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլը:
Չնայած Ռուսաստանը ներկայացնելուն՝ մեկ անգամ չէ, որ Ադելիա Պետրոսյանը ցույց է տվել իր սերը Հայաստանի հանդեպ: Էթերի Տուտբերիձեի սանը 2021 թվականին՝ գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում արծաթե մեդալ նվաճելուց հետո, բարձրաձայնել էր Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին: Պետրոսյանը ելույթ էր ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ իր սերն ու աջակցությունը փոխանցելով հայրենակիցներին: