Վրաստանում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը
Վրաստանում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ 67-ամյա Ջուզեպպե Սկանգան, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։ Ձերբակալությունը հաստատել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է արտահանձնման վարույթ։
2020 թվականին Սկանգան հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Իտալիայում մաֆիայի հետ առնչվող գործի շրջանակում դատապարտվել են նրա երեք եղբայրները, ինչպես նաև մի քանի նախկին իրավապահներ, որոնք մեղադրվում են մաֆիայի հետ կապեր ունենալու համար։ Հետաքննությունը պարզել է, որ ներգրավված անձինք Թուրինում հանցավոր գործունեությամբ են զբաղվել։