Ադրբեջանը դատապարտում է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները ՍիվիլՆեթ-ին տված հարցազրույցում:
«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, դրանք նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին: 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է տարածքային ամբողջականությունը և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է սադրանք։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Հաջիզադեն:
«Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ՍիվիլՆեթին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: