Կադիրովի 15-ամյա որդուն մեկ ամսում 6-րդ շքանշանն է շնորհվել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, պարգևատրվել է «Իսլամի կրոնին ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով, հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Շքանշանը շնորհվել է իսլամի ամրապնդման և նրա արժեքների պաշտպանության գործում անձնական նշանակալի ավանդի համար», - նշել է Դուդաևը։
Հոկտեմբերի վերջից 15-ամյա Ադամ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում, նա պարգևատրվել է «Կարաչայ-Չերքեսական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», «Ումային մատուցած ծառայությունների համար» և «Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, ինչպես նաև Թաթարստանի երկրորդ կարևորագույն պարգևով՝ «Դուսլիկ» շքանշանով: