Արևմուտքի խորհուրդները խանգարում են Երևանին ավարտին հասցնել հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները․ Զախարովա
Արևմուտքի խորհուրդները խանգարում են Հայաստանին ավարտին հասցնել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։
«Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Սակայն Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարել է թղթի վրա վերջնական տեսքի բերել համաձայնությունները։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչն է խանգարել․ Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «բարի» խորհուրդները»,- նշել է Զախարովան՝
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքը եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը նպաստելու փոխարեն, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
«Նրանք տորպեդահարում են ռուսական կողմի ջանքերը, փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական «բաղադրատոմսերը» պարտադրել և հարաբերությունների կարգավորման փոխարեն նպաստում են կեղծ կարգավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս ամենի հետևանքով Հայաստանը, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս գործելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հուշումներով, լրջորեն վտանգում է իրեն՝ կանգնելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու սպառնալիքի առջև։