Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց նրա ինքնազգացողության վատթարացման պատճառով․ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով
Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Արթուր Մկրտչյանը։
Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողության վատթարացման պատճառով դատական նիստը երկու անգամ ընդհատվել է։ Բուժաշխատողները համապատասխան օգնություն են ցուցաբերել՝ ներարկումներ արել, զարկերակային ճնշումը չափել, սակայն ի վերջո դատական նիստը հետաձգվեց։
ՊԵԿ նախկին նախագահին դատարանից տարան շտապօգնության մեքենայով, որով և բերել էին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։
Գագիկ Խաչատրյանը մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց: