Իրանում տոնակատարության ժամանակ զոհվել է 14 մարդ, տուժել՝ 3,200-ը (լուսանկարներ)
Իրանի տարբեր հատվածներում նախաամանորյա Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ տուժել է ավելի քան 3200, զոհվել՝ 14 մարդ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 2114 վիրավորի մասին։
Տուժածներից 463-ը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տուժածներից 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։
Չահարշանբե-Սուրին հնագույն տոն է, որը նշվում է Նովրուզից (մարտի 21-ին) առաջ: Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Չահարշանբե Սուրին նշվում է օրացուցային տարվա վերջին չորեքշաբթի գիշերը, սակայն տոնակատարությունները սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ։ Ավանդույթի համաձայն՝ երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում և ցատկում դրանց վրայով։
Տոնակատարության ժամանակակից սովորույթները ներառում են նաև հրավառության և ճայթրուկների կիրառում: Ամեն տարի այս օրերին Իրանում մեծ թվով զոհեր են գրանցվում։ 2023 թվականին վիրավորների թիվը գերազանցել էր 4300-ը, մահացել էր 26 մարդ։