Մենք լավատեղյակ ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից, քանի որ ուսումնասիրել ենք նրանց. Կոսովոյի ազգային թիմի գլխավոր մարզիչ
Կոսովոյի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանդո Ֆոդայի կարծիքով՝ մարտի 22-ին կայանալիք Հայաստանի դեմ ընկերական խաղում ֆավորիտներ չկան:
«Մենք պատրաստ ենք Հայաստանի դեմ ընկերական այս խաղին: Սակայն մեզ համար չկան ընկերական հանդիպումներ: Այս խաղով, մենք պատրաստվում ենք Ուելսի դեմ առաջիկա պաշտոնական հանդիպմանը: Երկու թիմերն էլ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆոդան:
Վերջինիս խոսքով` վերջին երեք օրերին նրանք կենտրոնացած են եղել տակտիկայի վրա, և իր թիմը ցանկություն ունի հաղթել բոլոր հանդիպումներում, իսկ ֆավորիտներ չկան առաջիկա ընկերական խաղում:
Կոսովոյի ազգային թիմի անդամ Վեդատ Մուրիքին ընկերական այս խաղի ֆավորիտ համարում է իր թիմին, սակայն Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստները անհատապես պետք է ապացուցեն դաշտում, թե ինչի են ունակ:
«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից գիտեմ Ռանոսին, ինչպես նաև Հարոյանին: Մենք լավատեղյակ ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից, քանի որ ուսումնասիրել ենք նրանց»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ: