4 գերիների վերադարձը և Սիրիային 2 դատապարտվածի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից դատապարտված երկու անձանց Սիրիային փոխանցելը միմյանց հետ կապ չունեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկու սիրիացու փոխանցումը 4 հայ գերիների վերադարձի դիմա՞ց էր:
«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,-ասաց վարչապետը:
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Հունվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել վարձկանության, միջազգային ահաբեկչության հոդվածներով։
The post 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 դատապարտվածի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
