100 դրամանոց մետրոյից հնարավոր էր միլիոններ հափշտակել
Մետրոպոլիտենի նախկին տնօրերնին մեղադրանք է առաջադրվել իշխանական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման համար։ Նույն գործով անցնում են ևս յոթ նրա հետ փոխկապակցված անձինք։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը 2013 թ․ հունիսի Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5քմ մակերեսով նկուղային հարկը։ Նպատակն, ըստ Քննչականի, եղել է մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, այնուհետև նույն մասնաճյուղի պետի պաշտոնները զբաղեցրած իր որդու համար տարածքը շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելը։
«Տարածքը ներկայացվել է օտարման՝ հրապարակային սակարկություններով։ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ-գնահատողի կողմից կազմվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ գնահատման հաշվետվություն, համաձայն որի՝ տարածքի շուկայական արժեքը 2013թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 106.850.050 ՀՀ դրամ այն դեպքում, երբ դրա իրական շուկայական արժեքը եղել է շուրջ երկու անգամ ավել՝ 194.880.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106.850.050 ՀՀ դրամը», – հայտնել է Քննչական կոմիտեն:
Յայլոյանի որդին, օգտվելով դասական աճուրդի կանոնից, որի դեպքում աճուրդով չվաճառվելու ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազում է, առաջին և երկրորդ աճուրդներին չի մասնակցել և միայն երրորդ աճուրդի ժամանակ գնել է անշարժ գույքը 75.393.360 դրամով։
Որդու հետ նախնական համաձայնության գալով մետրոյի նախկին տնօրենը որոշել է հափշտակել նաև տարածքի օգտագործման դիմաց վարձավճարները: 2014 թվականի հուլիսին Յայլոյանի և նրա որդու միջև կնքվել է տարածքը 25 տարի ժամկետով մետրոպոլիտենին վարձակալության տալու վերաբերյալ պայմանագիր՝ ամսական 120 հազար դրամ վարձով։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականի մարտ ամիսը ընկերության միջոցներից տնօրենի որդուն է փոխանցվել 7.104.000 դրամ:
«Փ.Յ.-ն իր հետ փոխկապակցված անձի՝ որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլավոր ինժեներ Ա.Ս.-ի օժանդակությամբ, մետրոպոլիտենի կարիքների համար լուսացույցների շիկացման թելիկով գլխիկների լուսադիոդային հավաքածուներով փոխարինման աշխատանքների կատարման նպատակով հայտարարել է ըստ էության ձևական մրցույթ, որին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցել է միայն Ա.Ս.-ի կողմից ստեղծված ԱՁ-ն՝ ներկայացնելով շուկայականից շուրջ չորս անգամ ավելի թանկ արժեքով՝ 57.000.000 դրամի գնային առաջարկ», – նշել է Քննչականը։
Արդյունքում մետրոպոլիտենի և ԱՁ-ի միջև կնքվել է 57.000.000 դրամի պայմանագիր։ Չունենալով ընկերությունում գրանցված աշխատակիցներ՝ Ա.Ս.-ն, ըստ ՔԿ-ի, հիշյալ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարմանը ներգրավել է մետրոպոլիտենի աշխատակիցներին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2016-2019թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի օգնականի, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, իր երեք ծանոթներին առաջարկել է ձևականորեն ընդունվել աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մետրոպոլիտենում, սակայն փաստացի սպասարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին:
Յայլոյանն այդ մարդկանց աշխատանքի է ընդունել, մետրոպոլիտենի բյուջեից որպես աշխատավարձ և ավտոմեքնաների շահագործման ու վառելիքի ծախսեր դուրս գրել 28.099.506 դրամ գումար:
«Փ.Յ.-ն, մետրոպոլիտենի գործերի կառավարիչ և իր հանձնարարությամբ բենզինի բաշխմամբ զբաղվող անձի օժանդակությամբ, 2009-2019թթ. ընկած ժամանակահատվածում մետրոպոլիտենի կարիքների համար ձեռք բերված բենզինից յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 39.963.327,6 դրամ արժողության՝ ընդհանուրը 110.010 լիտր բենզին», – նշել է ՔԿ-ն։
Բացի այդ, մետրոպոլիտենի տնօրենը ընկերության վարչակառավարչական ապարատի իրավապայմանագրային բաժնում և ընկերության տեխնոլոգիական տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասում աշխատանքի է ընդունել երկու անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն ամեն ամիս ստացել են աշխատավարձ, ինչի արդյունքում մետրոպոլիտենի բյուջեից ելքագրվել է 7.120.436 և 4.084.874 դրամ աշխատավարձ:
Ըստ ՔԿ-ի Փ․Յ-ի առաջարկով 2016թ. մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքում հրապարակվել է մետրոպոլիտենի «81-717» տիպի երկու գլխամասային վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման մրցույթի հայտարարություն, որում հաղթող է ճանաչվել 550.000 եվրո առաջարկած ռուսական ընկերությունը։ Մետրոպոլիտենի և ռուսական ընկերության միջև կնքվել է ոչ թե 550.000 եվրո, այլ՝ 1.100.000 եվրո արժեքով պայմանագիր՝ նախատեսելով արդիականացնել և հիմնանորոգել մետրոպոլիտենին պատկանող 4 հատ գլխամասային վագոն։
«Փ.Յ.-ն, խախտելով օրենքով սահմանված՝ միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում գնման համար մրցույթ անցկացնելու պարտադիր պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017թ. օգոստոսին մետրոպոլիտենի անունից՝ որպես պատվիրատու, ռուսական նշված ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է նախորդ պայմանագրից 220.000 եվրոյի չափով ուռճացված արժեքով, որևէ կերպ չհիմնավորված՝ 1.320.000 եվրո արժողության չորս վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր», – հայտնել է Քննչական կոմիտեն:
Վերանորոգումն իրականացնող ընկերությանն է փոխանցվել 1.320.000 եվրո՝ մետրոպոլիտենի բյուջեից հափշտակելով 122.810.600 դրամին համարժեք 220.000 եվրո գումար:
Բացի այդ, 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրի և նույն թվականի նոյեմբերի 11-ին հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ մատակարար ՍՊ ընկերությունը Մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։
Յայլոյանի, նրա որդու, քաղաքապետարանի պաշտոնատար անձի, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենի և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, գործն ուղարկվել է դատարան։
The post 100 դրամանոց մետրոյից հնարավոր էր միլիոններ հափշտակել first appeared on Epress.am.