Վարդանյան. Ալիեւների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն
«Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Օրինակ, այն, ինչն այս պահին կարեւոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաեւ քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի եւ Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ», - ասել է Վարդանյանը ֆրանսիական Le Spectacle Du Monde
Պարբերականին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատու՞մ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է խնդրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից, Արցախի պետնախարարն ասել է.
«Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիեւին եւ նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլեւս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլեւս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիեւների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է»:
