«Մենք և մունք» ծրագրի շրջանակում ներկայացվել է «7 ճանապարհ» ինտերակտիվ գրքույկը
«7 ճանապարհ»-ը հոգեկան առողջությանը նվիրված նախագիծ է, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։ «7 ճանապարհ»-ը ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ։
«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի յուրաքանչյուր թեմայի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, ուղղորդիչ հարցադրումներ, որոնք օգնում են առավել պարզ և մատչելի կերպով յուրացնել նյութը։ Գրքույկում հնարավոր է գրառումներ անել՝ կիսվել մտորումներով, հույզերով։
Գրքույկի հեղինակ, կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանի խոսքով ձեռնարկում տեղ են գտել հիմնականում այն տեխնիկաներն ու վարժությունները, որոնք միտված են ճգնաժամի ժամանակ հոգեբանական կայունության պահպանմանը. «Մենք չենք ծանրաբեռնել գրքույկը մասնագիտական տերմիններով, ավելին՝ գրքույկին զուգահեռ թողարկվել է փոդքասթ, որտեղ մանրամասն բացատրվում է՝ ինչպես օգտվել գրքույկից և օգնել ինքդ քեզ դուրս գալու ճգնաժամից»:
«7 ճանապարհ» գրքույկը հասանելի է հետևյալ հղումով։
«Մենք և մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ:
