Team Telecom Armenia. Մեր առաջարկներին չի հետեւել որեւէ հիմնավորված հակադարձում
Team Telecom Armenia-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է.
««Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ եւ «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների կողմից Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։
Team Telecom Armenia-ն գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում՝ քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով՝ շեշտադրելով շուկայական հավասարակշռության եւ արդար մրցակցային միջավայրի կարեւորությունը։
Սակայն Team-ի կողմից ներկայացված առաջարկներին չի հետեւել որեւէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։
Team Telecom Armenia-ն շարունակում է համագործակցությունը բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ տրամադրող գործընկերների հետ, որոնք գործում են ներկայիս շուկայական սակագներին համապատասխան արդար եւ թափանցիկ պայմաններով։
Միաժամանակ, կարեւորելով իր բաժանորդների հարմարավետությունը, Team Telecom Armenia-ն վստահեցնում է, որ պատրաստ է շարունակելու վերոնշյալ վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ եւ արդար շուկայական պայմանների առկայության դեպքում«։
