ՀՀ տրանսպորտի նախարարը Իտալիայի դեսպանին խնդրել է ուշադրության կենտրոնում պահել «Հյուսիս-հարավ»-ում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը: Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։
Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրել է ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծել է, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրեց դեսպանին իր կողմից ևս ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարը դեսպանին է ներկայացրել նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս է հայտնել, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և ներկայացվածությունը Իտալիայում։