Եթե Լապշինը գնում է ԼՂ, հետո Բելառուս ու չի կարողանում հետ գնալ, որտե՞ղ է երաշխիքը, որ մեր տանկը ԼՂ-ից գնա Բելառուս՝ հետ կգա. Փաշինյան
ԱԺ-ն քննարկում է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջին հարցն իր իսկ խոսքով՝ կես-կատակ էր. «Ուզում եմ հասկանալ՝ եթե Լապշինը գնում է Ղարաբաղ, հետո գնում է Բելառուս ու հետո չի կարողանում հետ գնալ, որտե՞ղ է երաշխիքը, որ եթե մեր տանկը Ղարաբաղից գնա Բելառուս, կարողանալու է հետ գալ: Որովհետև տանկը Լապշինից վտանգավոր է»,-հարցրեց նա:
Նշենք, որ նախագծով երկրները պարտավորվում են իրար աջակցել, և եթե օրինակ զինտեխնիկայի հարցում խնդիր կա, վերանորոգման ուղարկել և հետ ստանալ:
Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր զենքի տեղափոխման հետ կապված խնդիրներին։
«Տեսե՛ք, մեր գինին երբ տանում ենք ՌԴ, տրանսպորտային ծախսի հետ կապված մրցունակության խնդիր ունենք, հիմա ի՞նչ ծառայություն պետք է առաջարկենք, որ զինտեխնիկան գա ՀՀ, հետ գնա, որ գինն էլ օգտակար լինի, որ ծառայություն մատուցենք»,-հարցրեց նա:
Արտակ Զաքարյանը նշեց, թե դրանք գնագոյացման հետ կապված հարցեր են, որոնք հրապարակային չեն և կարող է պատգամավորի հետ ցանկացած ժամանակ հանդիպմանը մանրամասնել, թե հատկապես ինչ ծառայության մասին է խոսքը:
«Ինչ վերաբերում է նրան, որ տեխնիկան հետ չի գա, ես էլ կես կատակ կասեմ՝ եթե ուղարկենք ու հետ չգա, ուրեմն պրոբլեմը մեր մեջ է»,-ասաց նա։
Փաշինյանն արձագանքեց. «Այո պրոբլեմը մեր մեջ է, ու էլի եմ ուզում կրկնել, որ փոխարենը պետք է մեր պրոբլեմները լուծենք, ռազմարդյունաբերական համալիրը զարգացնենք: Հասկացա, որ բյուջեն ավելանալու է, բայց լավատես չեմ, ծրագրային փոքր ծառայություններ իհարկե կլինեն, որոնց մասին առանձին կխոսենք»: