Արտգործնախարարի սկանդալային հայտարարության պատճառով Թերեզա Մեյի ելույթի ժամանակ անսպասելի միջադեպ է տեղի ունեցել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Պահպանողական կուսակցության համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ դահլիճում մի պահ իրարանցում է սկսվել, երբ հեռուստատեսային պրանկեր Սայմոն Բրոդկինն ընդհատել է պաշտոնյայի խոսքն ու նրան ինչ-որ փաստաթուղթ տվել:
Ինչպես նշում է The Independent-ը, վարչապետը ստիպված է եղել դադարեցնել կուսակիցներին ուղղված ելույթը: Այնուհետև անվտանգության ծառայության աշխատակիցները դահլիճից հեռացրել են տղամարդուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բրոդկինի տվածը P45 բլանկն է եղել, որը գործատուն տալիս է աշխատանքից ազատված աշխատակցին:
Նշվում է, որ վարչապետն իրեն չի կորցրել ու ասել է, որ մտադիր էր P45 բլանկը տալ լեյբորիստների առաջնորդ, ընդդիմադիր Ջեյմս Քորբինին:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Բրոդկինը կատակել է՝ ասելով, որ բլանկը փոխանցել էր երկրի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի անունից:
Հայտնի է, որ բրիտանացի պահպանողականները Թերեզա Մեյից պահանջում են պաշտոնանկ անել Ջոնսոնին՝ լիբիական Սիրտ քաղաքի վերաբերյալ սկանդալային հայտարարության պատճառով:
Ջոնսոնը, մասնավորապես, ասել էր, որ «Սիրտ քաղաքը գրավիչ կդառնա բրիտանացի ներդրողների համար, եթե այնտեղից մաքրեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից հետո մնացած դիերը»: Դրանից հետո լիբիացի հայտնի քաղաքական գործիչ Սալահ Սուբհին ասել է, որ Ջոնսոնի հայտարարությունն անընդունելի է ու դաժան: Նա նաև հավելել է, որ Ջոնսոնի պաշտոնավարման շարունակման դեպքում Մեծ Բրիտանիան կզրկվի Լիբիայում ներդրումներ անելու հնարավորություններից: