Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։