Թուրքիան ու Իրանը երբևէ թույլ չեն տա, որ սիոնիստական ռեժիմը կյանքի կոչի տարածաշրջանում իր նոր սցենարը. Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիան ու Իրանը երբևէ թույլ չեն տա, որ «սիոնիստական ռեժիմը» կյանքի կոչի տարածաշրջանում իր նոր սցենարը, այս մասին գրում է IRNA գործակալությունը:
Հանդիպման գլխավոր թեմաներից է եղել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն:
Իրանի ՊՆ ղեկավարը նշել է, որ Իրաքի, Թուրքիայի և Իրանի միջև այդ առումով ձեռք են բերվել համաձայնություններ, և Քրդստանը ստիպված կլինի մոտ ապագայում բախվել լուրջ տնտեսական, քաղաքական և ռազմական պատժամիջոցների:
Ըստ Հաթամիի՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դերակատարմամբ անհաջողության մատնված սցենարից հետո ցանկանում են պառակտել տարածաշրջանի պետությունները, «մինչդեռ Իրանն ու Թուրքիան, հանդիսանալով տարածաշրջանի խոշոր երկրներն ու դերակատարները, երբևէ թույլ չեն տա դա»:
Խոսելով սիրիական ճգնաժամի մասին՝ իրանցի պաշտոնյան շեշտել է Թուրքիայի կարևոր ներդրումը դրա կարգավորման գործում և հայտնել, որ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը հետագայում կարող է մեծ օգուտ բերել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: